Հայտնի հայերը-Շառլ Ազնավուր

Файл charles_aznavour_3.jpgԱշխարհահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» /1944/, Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՈ-յում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիումկանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

Источник: Википедия